Friday, 23 June, 2017, 7:20 +0400 Armenian English

ՕՓՀ ծառայություն


2007 թվականից սկսած ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայությունը անցել է ՙԱրմենիա՚ ՄՕ ՓԲԸ ենթակայության ներքո և վերանվանվել է ԱՄՕ Օդանավերի փրկարարական և հակահրդեհային ծառայություն (ԱՄՕ ՕՓՀԾ):

Համաձայն միջազգային նորմերի պահանջների օդանավակայանի փրկարարական և հակահրդեհային ծառայության գերագույն խնդիրն է փրկել մարդկային կյանքեր` արագ արձագանքելով օդանավակայանի տարածքում տեղի ունեցող որևէ արտակարգ իրավիճակի: ՕՓՀ ծառայությունը նաև նպատակ է հետապնդում ապահովելու թռիչքների, ավիացիոն տեխնիկայի և օբյեկտների հակահրդեհային անվտանգությունը: Իր խնդիրների արդյունավետ իրականացման նպատակով, ԱՄՕ ՕՓՀԾ անցկացնում է հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ, կազմակերպում է մշտական հսկողություն օդանավերի կայանատեղերում և օդանավակայանի կառամատույցում, ինչպես նաև ձեռնամուխ է լինում օդանավերի տեխնիկական սպասարկման ժամանակ հրդեհային անվտանգության խախտումների ժամանակին հայտնաբերմանը և կանխարգելմանը, իսկ հրդեհների առաջացման դեպքում դրանց հայտնաբերմանը և արդյունավետ հրդեհաշիջմանը, մարդկանց և նյութական արժեքների անվտանգ տարահանմանը:


ԱՄՕ ՓԲԸ կազմում ընդգրկվելուց հետո անմիջապես սկսվել է ՕՓՀԾ մասնաշենքի հիմնանորոգումը: Հիմնանորոգումից հետո փրկարար կայանը ստացել է ժամանակակից տեսք և կահավորանք:


Այժմ փրկարար կայանը ունի ենթակառուցվածքային հարմարություններ, ինչպիսիք են դասասենյակը, որտեղ անցկացվում են ամենօրյա պարապմունքներ, առանձին խոհանոցը, ընդարձակ ճաշասենյակը, հանգստի սենյակը, ննջարանը, հանդերձարանը, լոգարանները, մարզասրահը և այլն: Նպատակ հետապնդելով ապահովելու ՕՓՀ ծառայության արագ և արդյունավետ արձագանքը ՕՓՀԾ նոր կայանը համալրվեց նոր լուսաձայնային ահազանգման համակարգով: Նոր ահազանգման համակարգի ձայնը բավականին բարձր է և լսելի է ամբողջ ՕՓՀԾ կայանում, որտեղ հերթապահում են ՕՓՀԾ անձնակազմը:


Ձեռք է բերվել 3 հատ ամերիկյան արտադրության ՙՕշկոշ՚ ֆիրմայի Striker-3000 ժամանակակից աերոդրոմային հրշեջ մեքենաներ, որոնց հնարավորությունները համապատասխանում են միջազգային նորմերի պահանջներին. արագացումը 0-ից 80կմ/ժ չի գերազանցում 35 վարկյանը, առավելագույն արագությունը 112 կմ/ժ, հրդեհաշեջ նյութերի քանակը` ջուր 11350լիտր, փրփրարար 1590 լիտր, հրդեհաշեջ փոշի 225կգ: Ջրի պոմպի արտադրողականությունը կազմում է 125 լիտր վայրկյանում, իսկ միայն լաֆետային փողինը` 85 լիտր վարկյանում: Striker-3000 հրշեջ մեքենայի հրդեհաշիջման համակարգը նախագծված է այնպես, որ նույնիսկ ընթացքից կամ դժվարանցանելի տեղանքում մանևրելիս մեքենան հնարավորություն ունի արտամղել թե’ ջուր, թե’ փրփուր:


2008 թվականի փետրվարի 14-ին ՙԲելավիա՚ ավիաընկերության CRJ-100LR օդանավի վթարի ժամանակ շնորհիվ Striker-3000 հրշեջ մեքենաների և արհեստավարժ անձնակազմի գործողությունների մարդկային զոհեր չեն եղել, որի համար ԱՄՕ ՓԲ ընկերությանը աշխարհի տարբեր կազմակերպությունների, ընկերությունների, ինչպես նաև Բելառուսի և Հայաստանի նախագահների կողմից հայտնվել է շնորհակալանքի և երախտիքի խոսքեր: Շնորհակալական նամակ է ուղարկել ՙԲելավիա՚ Բելառուսական Ավիաուղիներ՚ Ազգային ավիաընկերության տնօրինությունը:


ԱՄՕ ՕՓՀ ծառայությանը համալրման գործընթացը ժամանակակից հրշեջ գործիքներով և սարքավորումներով շարունակվում է, որը նպատակ ունի շատ մոտ ապագայում ՙԶվարթնոց՚ Միջազգային օդանավակայանը փրկարարական և հակահրդեհային տեսանկյունից դարձնել տարածաշրջանի ամենաանվտանգը և ժամանակակիցը: